Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Հակառակ հայաստանյան ուշացող գարնանը՝ խաղը պարզապես փառահեղ էր

Հակառակ հայաստանյան ուշացող գարնանը՝  խաղը պարզապես փառահեղ էր
18.03.2016 | 11:02

Բնականաբար, նկատի ունեմ «Բավարիա»-«Յուվենտուս» դիմակայությունը, որը Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության մինչև այժմ կայացած հանդիպումներից ամենադրամատիկն էր, ամենադիտարժանը, ամենա-ամենան իր թե՛ թուրինյան, թե՛ մյունխենյան տարբերակում: Ինչ վերաբերում է քառորդ եզրափակչում հանդես գալու իրավունք ձեռք բերած մյուս թիմերին, դրանք են ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը», անգլիական «Մանչեստր Սիթին», պորտուգալական «Բենֆիկան», գերմանական «Վոլֆսբուրգը», իսպանական «Ռեալն» ու «Աթլետիկոն»: Հասկանալի է՝ «Բարսելոնի» թագավորությամբ:

ՉՆԱՅԱԾ ՊԱՐՏՈՒԹՅԱՆԸ՝ «ԷՅՆԴՀՈՎԵՆԸ» ՀԵՌԱՆՈՒՄ Է ԳԼՈՒԽԸ ԲԱՐՁՐ
«Աթլետիկո»-«Էյնդհովեն» իսպանա-նիդերլանդական դիմակայության երկրորդ ռաունդն էլ ավարտվեց` այս անգամ արդեն միանգամայն անսպասելի գոլազուրկ ոչ-ոքիով, ու հիրավի պիտի արժանին մատուցել հյուրերին՝ տանտերերին իրենց կամքը թելադրելու համար: Փաստը մնում է փաստ, որ Դիեգո Սիմեոնեի սաները հոլանդացիների դարպասը չկարողացան գրավել անգամ խաղին միացած Ֆեռնանդո Տորեսով, ով դիմակայությունում, ըստ գլխավոր մարզչի հղացման, հարձակման գծում պիտի ունենար առանցքային դեր: Նույն 0:0-ներն էին լուսատախտակին նաև ավելացված ժամանակում, իսկ սա նշանակում էր, որ հանդիպման ելքը վճռելու են հետխաղյա տասնմեկմետրանոցները: Որքան էլ մարդուս համակրանքը մադրիդյան թիմի կողմը լիներ, որպես մեկ քառորդում շատ ավելի զորեղ մրցակցի, այդուհանդերձ ափսոսանքի զգացում կա «Էյնդհովենի» կրած պարտությունից, որովհետև թիմն իսկապես ջանաց առավելագույնին հասնելու համար՝ դրսևորելով թե՛ կամք, թե՛ բնավորություն, թե՛ ցանկություն: Սակայն ի՞նչ կարող ես անել, երբ մենամարտերի ու առհասարակ կյանքի տրամաբանությունն է՝ հաղթողը մեկն է: Իսկ հետխաղյա տասնմեկմետրանոցների այդպիսի մեծ թիվը՝ տասնհինգ, պիտի բացատրել նրանով, որ կողմերը չէին բացառել հանդիպման նման հնարավոր ելքն ու հատուկ պատրաստվել էին դրան: Ինչևէ, «Աթլետիկոն» մեկ քառորդում է, և սա ավելի տրամաբանական է՝ նկատի առնելով նրա ավելի մեծ փորձառությունը և, ինչո՞ւ չէ, ավելի մեծ վարպետությունը:

ԽԱՂ ԷՐ` ԽԱՂԱՑԻՆ, ԳՆԴԱԿ ԷՐ` ԳԼՈՐԵՑԻՆ
Որ արդեն առաջին խաղի արդյունքով էր (1:3) «Մանչեստր Սիթին» տիրացել մեկ քառորդի ուղեգրին, հայտնի էր անգամ ոզնուն, բայց դե հույսն այն, որ՝ անկանխատեսելի «Սիթին» է, ոմանց մոտ որոշակի ակնկալիքների որոշակի տեղ չէր կարող չթողնել: Դատելով պատասխան հանդիպման արդյունքից, որքան էլ ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, փաստացի հաղթեց Կիևի «Դինամոն», որովհետև եթե քո ունեցած անհամեմատ համեստ բյուջեով կռիվ ես տալիս մի թիմի հետ, որը տրանսֆերային պատուհանում կարող է իրեն երկու հարյուր միլիոնի գնումներ թույլ տալ ու դու նրա հետ նրա իսկ դաշտում ոչ-ոքի ես խաղում, բա այդ ոչ-ոքին հաղթանակին համազոր բան չէ՞: Կարճ կապենք: «Սիթին» էլ է քառորդ եզրափակչում ու այնտեղ նրա համար հաստատ քաղցր չի լինելու, եթե, իհարկե, մրցակցի հարցում ճակատագիրը նույնքան բարեհաճ չգտնվի, ինչպես մեկ ութերորդի պարագայում էր:

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Եվ իսկապես էլ՝ ի՞նչ կարող ես անել, եթե մրցակիցդ «Բարսելոնն» է՝ այն էլ հարձակման գծի Մեսի-Նեյմար-Սուարես ֆանտաստիկ եռյակով, որին հավասարազորը երևի թե չկարողանաս գտնել համաշխարհային ֆուտբոլում: Իհարկե, այնպես չէր, որ «Արսենալին» պատասխան խաղում մնում էր «թուլանալ ու հաճույք ստանալ» (մրցակցի դաշտում պարտվելը «նրբացուցիչ դեպք հանցանացի» շարքից է), որքան էլ դիմակայության ելքն արդեն իսկ Անգլիո սրտում էր վճռվել հօգուտ «Բարսելոնի» (2:0): Եվ այնուամենայնիվ, ֆուտբոլում գոյություն ունի պատվախնդրության գոլ հասկացությունը, ու «Արսենալը» պիտի ջանար այն ունենալ, որքան էլ ստեղծված իրավիճակում այն ոչ դեղ էր լինելու, ոչ դարման: Այդ գոլը կղզիաբնակներն ունեցան, սակայն վերջնահաշվում «Բարսելոնը» դարձյալ հաղթեց երկու գնդակի առավելությամբ. եռյակն արեց իր գործը՝ գոլերը հավասարապես բաժանելով իր մեջ:
Տխուր վիճակագրություն է, սակայն բոլոր դեպքերում ավելացնենք, որ «Բարսելոնի» հետ խաղում «Արսենալը» վեցերորդ անգամ անընդմեջ դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկության մեկ ութերորդ եզրափակչից: Հետաքրքիր է, որ անհաջողությունների այս շարքը սկսվել է նույն այդ կատալոնցիներից: Այնուհետ լոնդոնցիները երկու անգամ զիջել են Մյունխենի «Բավարիային», մեկական անգամ` իտալական «Միլանին» ու ֆրանսիական «Մոնակոյին»: Ի դեպ, անդրադառնալով չորեքշաբթի կայացած «Բարսելոն»-«Արսենալ» պատասխան խաղին (3:1), Արսեն Վենգերը, չկոնկրետանալով (բայց մենք հո գիտենք, թե ում է նկատի ունեցել), այսպիսի մի խոստովանություն է արել. «Պետք է հարգանքի խոսքեր ասել «Բարսելոնին»: Կատալոնցիների կազմում կան երկու-երեք ֆուտբոլիստներ, ովքեր սովորական կյանքը վերածում են արվեստի»:

ՉՄՈՌԱՆԱԼ ԻՍՊԱՆԱՑՈՒՆ
Չէ, չէ: Խոսքը ոչ թե «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին է, այլ Իսպանիայից իր հետ բերած Տիագու Ալկանտարայի, ում շուրջն էլ Պեպն ուզում էր կառուցել իր երազանքի երկրորդ թիմը: Ստացվե՞ց, թե՞ չստացվեց այդ երազանքը, այս պահին թույլ տվեք համեստորեն լռել, բայց որ հենց Ալկանտարան եղավ հանդիպման հաղթական գոլի հեղինակը, սրա մեջ խորհրդանշական բան կա, ու որ հենց նրան և ոչ թե գերմանացի ֆուտբոլասերի նախասիրած Մարիո Գյոտցեին մարզիչը խաղի վճռական պահին հանեց խաղադաշտ, պատահականություն չպիտի համարել: Այստեղ թույլ տվեք մի փոքր կտրվել խաղի բուն զարգացումները ներկայացնելուց ու նկատել՝ մրցաշրջանի ավարտին, Գվարդիոլայի հեռանալով, թե ինչպիսին կլինի Ալկանտարայի ճակատագիրը, հստակ պատասխան չկա: Գուցե նա Անչելոտիի օրոք արժանանա Գյոտցեի բախտին (ի դեպ, թիմից նրա հեռանալու մասին լուրերը գնալով ավելի ու ավելի համառ են դառնում), ում Գվարդիոլան այդպես էլ մինչև վերջ չվստահեց, ինչպես չվստահեց իր համար ճակատագրական այս պահին:
Որքանով էր այս պահը ճակատագրակա՞ն:
Այնքանով, որ եթե չհաղթահարեր «Յուվենտուսի» արգելքը, մարզասերը չէր էլ հիշելու, որ հենց Գվարդիոլան «Բավարիային» ակումբում իր աշխատանքային երկու տարում նույնքան անգամ պահեց չեմպիոնական բարձունքում, ու նրան մոռացությունից չէր փրկի և այն, որ իսպանացի մասնագետը պատրաստվում է երրորդ անգամ նույն գետը մտնելու: Որքան էլ երկրի չեմպիոնությունը պատվաբեր է, այնուամենայնիվ, նրան առաջին հերթին «Բավարիա» են հրավիրել Չեմպիոնների՛ լիգայի համար: Ճիշտ է, «Յուվենտուսին» հաղթելով այդ հարցը չլուծվեց, սակայն գործընթացն էլ կանգ չառավ, բայց չէ՞ որ «ծեր սինյորան» կարող էր լինել երազանքներ փշրող թիմը:
Իսկ հանդիպումն իր հիմնական ժամանակահատվածով եղավ թուրինյանի հայելային անդրադարձը: Այնտեղ «Բավարիան» էր առաջին խաղակեսից հետո հաղթում 2:0 հաշվով, այստեղ նույնը արեց «Յուվենտուսը»: Այնտեղ երկրորդ խաղակեսում, շնորհիվ տեղին կատարված փոխարինումների ու տակտիկական նոր լուծումների, «ծեր սինյորան» Հադեսի թագավորությունից հետ դարձավ ողջերի երանավետ աշխարհ, այստեղ, դարձյալ շնորհիվ տեղին կատարված փոխարինումների ու տակտիկական նոր լուծումների, «Բավարիան» փրկվեց Լետայում սուզախեղդ լինելուց:
Ինչ վերաբերում է լրացուցիչ ժամանակին, «Բավարիային» փրկեց ոչ միայն ու ոչ այնքան պահեստայինների ավելի երկար ու ավելի որակյալ նստարանը, որքան Գվարդիոլա մարզչի տաղանդը: Թե բախտորոշ պահին այդ ի՞նչ հուշեց նա իր սաներին, մեր ձեռքի տակ կոնկրետ փաստ չկա, սակայն ոչ պակաս կոնկրետ փաստ է, որ թիմը Բուֆոնի նման հրաշք դարպասապահին խոցած երրորդին ավելացրեց չորրորդը՝ հաղթանակը դարձնելով ավելի քան համոզիչ:
Հետխաղյա մամլո ասուլիսում անդրադառնալով խաղի ընթացքին` Գվարդիոլան խոստովանել է, որ իրենք մազից են պրծել. «Պատկերացրեք, եթե նրանք երրորդ գոլը խփեին, մեր վերջը կգար: Սակայն դրա փոխարեն մենք գոլ խփեցինք, և առավելությունը մեր կողմն անցավ: Հատկապես լրացուցիչ ժամանակում, երբ խաղադաշտում մեկ թիմ էր` «Բավարիան»»:
Ինչ խոսք, որ վերջին մտքի կտրվածքով Գվարդիոլայի ասածը խոցելի է, քանզի եթե խաղի 115-րդ րոպեին «Յուվենտուսը» բաց չթողներ գոլ խփելու շանսը, դժվար է ասել, թե հանդիպումը քանի տակ շուռ կգար: Սակայն եկեք եթե-ներին կուլ չգնանք, որովհետև այդպես շատ հեռու կգնանք` ընդհուպ հասնելով Չապեկի հանրահայտ հերոսին, ով ասում էր` եթե մորաքույրս բեղեր ունենար, կլիներ քեռիս:
Այս հանդիպման շրջանակներում խոսելու շատ բան կա, սակայն բավարարվենք այսքանով:՝ «Բավարիան» միացավ, պայմանականորեն ասած, հրաշալի յոթնյակին ու կարևորագույն քայլ կատարեց եզրափակիչ տանող բաղձալի ճանապարհին: Թե մեկ քառորդում ո՞ր թիմն է լինելու նրա մրցակիցը, պատասխանը կիմանանք այսօր, երբ շվեյցարական Նիոնում կկայանա վիճակահանությունը, իսկ քանի որ ընթերցողների մեջ կարող են լինել ամեն ինչ մանրամասնորեն իմանալու սիրահար մարդիկ, հատուկ նրանց համար ասենք, որ նիոնյան վիճակահանությունը միայն «Բավարիայի» մրցակցին չի որոշելու: Այն լինելու է ութնյակը կազմած մյուս թիմերի համար էլ ու, հավատացնում եմ, ամենաերջանիկը լինելու է նա, ում բաժին չի հասնելու, երևի թե հասկացաք արդեն, որ թիմը: Ահա թե որն է հարցերի հարցը, մինչդեռ, հավատալով օդերևութաբանների չարագույժ կանխատեսումներին, թեպետև տեղին, սակայն անհարկի տեղայնանալով, նրանց կրկնում ու երրորդում ենք, թե գարունը մեկ ամսով ուշ է գալու Հայաստան, և սա այն դեպքում, երբ աշխարհի հարյուր միլիոնավոր մարդիկ վախենում են ի՜նչ հայաստանյան ուշանալիք գարնան, վախենում են մարտի 18-ի գալուց, ինչպես վախենում են Տարտարոսում հայտնվելուց: Ճիշտ է, այստեղ մի նրբություն կա, որը շահեկանորեն մեզ առանձնացնում է նրանցից, բայց դե, մյուս կողմից էլ, եթե նրանք պատժվում են իրենց սխալ կողմնորոշման համար, մե՞ր մեղքը որն է: Մենք, կարծես, սխալվել ենք միայն մի հարցում, ու դրանից հետո ամեն ինչ օրինաչափորեն ու ամենայն հետևողականությամբ վերարտադրվում է: Մենք ուրիշ մեղք չունենք: Սակայն ուշացող գարնան հետ կապված՝ բոլոր դեպքերում տագնապս խոր է: Ասում եմ՝ էս սկանդինավյան քամիներն էլ հանկարծ չդառնա՞ն էդ օրինաչափորեն վերարտադրվող անօրենի պես բան: Եսի՜՞մ: Մեջս մի տեսակ վախ է մտել: Եթե որևէ մեկդ հաստատ բան գիտի, զանգեք կամ եկեք զրուցենք: Որ բան էլ չփոխվի, գոնե հոգիներս կթեթևանա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ